Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԻՆՉԻ՞ Է ՀԱՆԳԵՑՐԵԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ՊԱՑԻՖԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ

ԻՆՉԻ՞ Է ՀԱՆԳԵՑՐԵԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ՊԱՑԻՖԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ
05.11.2010 | 00:00

Արևելյան Եվրոպան կամ այն ընդարձակ տարածաշրջանը, որն ավելի ընդունելի կլիներ անվանել Կենտրոնարևելյան Եվրոպա, երկար ժամանակ գտնվում էր ամերիկյան քաղաքականության կիզակետում ինչպես Բիլ Քլինթոնի, այնպես էլ Ջորջ Բուշի վարչակազմերի կառավարման օրոք։ Ամերիկացիներն այդ ժամանակաշրջանում ամենահաս էին, նրանք իրականացնում էին լայն ու բազմակողմանի քաղաքական, գաղափարախոսական ու ռազմավարական էքսպանսիա, ինչը հանգեցրեց տարածաշրջանի պետությունների ինտեգրմանը եվրատլանտյան ընկերակցությանը, արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունը Եվրոպայում և փոխեց բուն Եվրոպան։ Ինչպես և Արևմտյան Եվրոպայի երկրներում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում, Կենտրոնարևելյան Եվրոպայում, եթե ոչ թեթևացած, ապա նոր դրական ակնկալիքներով ընդունվեց Բարաք Օբամայի թիմի մուտքը Սպիտակ տուն։ Բանն այն է, որ Բուշի քաղաքականությունը շատ ագրեսիվ ու վտանգավոր էր թվում։ Սակայն շուտով այդ երկրներից շատերում լուրջ անհանգստություն առաջացավ տարածաշրջանների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության «սառելու» առթիվ, ինչն ընկալվեց որպես սպառնալիք բարօրության և անվտանգության համար։ Քաղաքական գործիչների ու վերլուծաբանների ընկալմամբ, այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ ԱՄՆ-ի հրաժարումը Չեխիայում և Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) միջոցների տեղաբաշխումից։ Օբամայի վարչակազմը փորձեց փոխել իր վարկանիշը, ցուցադրելով այդ կարծիքի սխալ լինելը, բայց իրականում Կենտրոնարևելյան Եվրոպայի նկատմամբ այդ վերաբերմունքն արտացոլում էր ԱՄՆ-ի քաղաքականության ընդհանուր կուրսը, որը ենթադրում է սահմանափակել ակտիվությունն այն ուղղություններում, ուր սպառնալիք չկա ԱՄՆ-ի շահերի ու անվտանգության համար։
Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից է, որն ամերիկացիները համարում են այնպիսի գոտի, ուր խնդիրները կարող են սպասել, և անհրաժեշտություն չկա ակտիվ քաղաքականություն վարելու։ ԱՄՆ-ը կարողացավ Ռուսաստանի հետ համաձայնեցնել Հարավային Կովկասին առնչվող որոշ պայմաններ, երբ Ռուսաստանը պարտավորվում է վնաս չպատճառել էներգետիկ և ռազմական տարանցմանը, ինչով և սահմանափակվեցին ամերիկացիները տվյալ փուլում։ Հայաստանը Թուրքիայի քաղաքականության զսպման հետ կապված ամերիկյան որոշ նախաձեռնություններից հետո նույնպես հայտնվեց տարածաշրջանում ԱՄՆ-ի մտադրությունների «մեռյալ գոտում»։ Հայ քաղաքական հրապարակախոսության ոլորտում հայտնվեցին հոդվածներ և մտքեր այն մասին, թե, Ջորջ Բուշի վարչակազմի հեռանալով և դեմոկրատների` Սպիտակ տուն գալով, Հայաստանի համար համեմատաբար կայուն և կանխատեսելի ժամանակաշրջանը կավարտվի։ Ընդ որում, դա ամենևին էլ չի կապվում դեմոկրատների վարչակազմի ակտիվության կամ պասիվության հետ, այլ կապվում է խնդիրների լուծման գործում առաջադրանքների ու մոտեցումների նրանց ընկալման հետ։ Հայաստանում, ինչպես Վրաստանում և Ադրբեջանում, ամենևին չէին կանխատեսում Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի այդքան «տարօրինակ», գրեթե «օտարոտի» վերաբերմունք։ Վրաստանում ենթադրում էին, թե նոր վարչակազմն առաջվա նման չի աջակցի Միխեիլ Սաակաշվիլու անձին, բայց կշարունակի աջակցել Վրաստանին։ Ադրբեջանում երկյուղում էին, թե Օբամայի թիմը որոշ չափով կաջակցի Հայաստանին, իսկ Հայաստանում առհասարակ որևէ որոշակի պատկերացում չկար Օբամայի ապագա քաղաքականության մասին։ Առհասարակ, այս ամենը միանգամայն համարժեք է, բայց, ըստ երևույթին, քչերն էին ենթադրում, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կկարողանան հանգել տարածաշրջանի վերաբերյալ իրենց շահերի որոշ համաձայնության։ Իհարկե, դա շատ ավելի մեծ բացասական ազդեցություն գործեց Վրաստանի ու Ադրբեջանի շահերի վրա, բայց Հայաստանն էլ կզգա այդ քաղաքականության հետևանքները։ Հարցը միայն այն է, թե երբ և միջազգային իրադրության ինչ շրջադարձերի դեպքում Հայաստանը կզգա այդ հետևանքները։
Նախ, առաջադրվում է Թուրքիայի խնդիրը, որը դառնում է առավել վտանգավորն ու տհաճը ԱՄՆ-ի համար, որը թեև ձեռնամուխ է եղել թուրքական հավակնությունների զսպման քաղաքականությանը, օգտվելով նաև արմատական հնարքներից, բայց ներկա վարչակազմը դեռևս ի վիճակի չէ կամք ու վճռականություն ցուցաբերելու այդ ուղղությամբ գործելու համար։ Բարաք Օբամայի թիմում չկան այնպիսի քաղաքական գործիչներ և պաշտոնական անձինք, ովքեր լիովին հասկանային, թե ինչպիսի հետևողականություն ու հնարքներ են պետք Թուրքիայի զսպման քաղաքականության մեջ կիրառելու համար։ Վարչակազմը, ԿՀՎ-ին թույլ տալով իրականացնել որոշ նախաձեռնություններ, դեռևս, ընդհանուր առմամբ, նախընտրում է համբերել և սպասել մինչև կպարզվի, թե ինչքան երկար կյանք կունենա Անկարայի ներկա կառավարող վարչակազմը։ Վաշինգտոնում հույս ունեն, թե Թուրքիան իր նվաճողական քաղաքականությամբ իրեն հակասության մեջ է դրել շրջակա տարածաշրջանների մյուս պետությունների հետ, բայց այդ մարտավարությունը, որն անգամ մարտավարություն համարելը դժվար է, կհանգեցնի ժամանակի կորստյան և Թուրքիային հնարավորություն կտա իրականացնելու մի շարք նախաձեռնություններ, որից հետո ԱՄՆ-ը պարզապես կկորցնի որոշ կարևոր դիրքեր Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում։ Ավելի շուտ, թուրքական ծրագրերը դատապարտված են անհաջողության, քանի որ դրանք չափազանց հավակնոտ են և արդեն բախվել են այլ պետությունների շահերին, բայց անգամ այս դեպքում Թուրքիայի երկար գտնվելն «ազատ նավարկության» մեջ կհանգեցնի սպառնալիքների ուժեղացմանը, ինչն առաջին հերթին վերաբերում է Հայաստանին։ Հնարավոր է, Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ներկա վարչակազմի քաղաքական ոճը փոխվի, ամերիկացիները գործեն ավելի վճռականորեն, բայց, ավելի շուտ, անգամ Օբամայի նախագահական երկու ենթադրվող ժամկետները փոփոխություններ չեն բերի այդ ուղղությամբ։ Ըստ էության, Բուշի վարչակազմի գործելաոճը բաղկացած է եղել Թուրքիայի մեկուսացման յուրօրինակ մեթոդներից։ Իհարկե, դա բնավ էլ չէր լուծում խնդիրը, բայց իմաստ ուներ, քանի որ դրա հետևանքով Անկարան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում անհրաժեշտ չափի ազատություն չուներ, չէր կարող նրան պահանջներ ներկայացնել, ինչը խիստ սահմանափակում էր թուրքական քաղաքականության քայլերը։ Բայց, հարկ է նկատի ունենալ, որ առաջ, այսինքն, Ջորջ Բուշի օրոք, թուրքական քաղաքականությունը դեռևս այն աստիճան չէր ծավալվել, ինչպես հիմա են թուրքերը ջանում հասնել այն բանին, որ ԱՄՆ-ը հավանություն տա տարածաշրջանում իրենց ունեցած հավակնություններին ու նպատակներին։ Ըստ էության, միայն վերջին երկու տարում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի առճակատումն առանձնակի սրության հասել։ ՈՒստի լիակատար վստահությամբ ասել, թե հանրապետականներն ինչ կերպ իրենց կդրսևորեն ներկայումս թուրքական ուղղությամբ, դժվար է։ Միաժամանակ, վերլուծական ընկերակցությունն ԱՄՆ-ում և Եվրոպայում ընդունել է, որ ամեն դեպքում հանրապետական կուսակցության քաղաքական գործիչները, առանձնացնելով Թուրքիան «խաղաղեցնելու» որոշ եղանակներ, շատ շուտով կանցնեին Թուրքիայի մեկուսացման և նրա վրա ճնշում գործադրելու կոշտ մեթոդների։ Թուրքիայի շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը սկսել էր իրականացնել Բուշի վարչակազմը, ինչը ոչ պրոֆեսիոնալ ոճով աշխատում է վարել Օբամայի ներկա վարչակազմը։ Այսինքն, Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունն ամենավատն է, ինչ կկարողանային առաջարկել մշակողներն ու նախագծողները։ Այս պայմաններում Հայաստանը պետք է իրեն վատ չզգա, ավելին, որոշակի առումներով, իրեն նույնիսկ բավականին հարմարավետ զգա։ Բայց այդ իրավիճակն առայժմ բացառում է Թուրքիայի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության կանխատեսելիությունն ու վստահությունը։ Ի վերջո, հարցը ոչ թե ԱՄՆ-ի քաղաքականության հաջողությունն է նրա յուրաքանյուր փուլում, այլ այն, թե արդյոք դա կհանգեցնի՞ Թուրքիայի նկատմամբ վերահսկողության կորստյանը, և արդյոք ԱՄՆ-ը թույլ կտա՞ պատերազմի սանձազերծում տարածաշրջանում` կա՛մ Թուրքիայի մասնակցությամբ, կա՛մ էլ նրա աջակցությամբ։
Բուշի վարչակազմը շատ խոր է հասկացել այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել ատոմային զենք ունեցող Պակիստանում տիրող իրավիճակը։ Ամերիկյան կառույցների ընդերքում, անտարակույս, համապատասխան աշխատանք է կատարվել Պակիստանի հնարավոր փլուզումը նախապատրաստելու ուղղությամբ, և տպավորություն է առաջացել, թե ամերիկացիներն ամենևին էլ շահագրգռված չեն Պակիստանի մասնատման զսպմամբ։ Խնդիրը միայն ատոմային սպառազինությունն է եղել, ընդ որում, այդ հզորության չեզոքացման մի շարք տարբերակներ են քննարկվել, օրինակ, Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ, որը ֆինանսավորել է պակիստանյան ատոմային նախագիծը և կարող էր ֆինանսավորել ատոմային ռումբն ավելի հուսալի ձեռք փոխանցելու գործը։ ԱՄՆ-ի ներկա վարչակազմը, ինչպես Թուրքիայի դեպքում, նախընտրում է սպասողական դիրք բռնել, հուսալով` խնդիրն «ինքն իրեն կներծծվի-կգնա»։ Բայց պակիստանյան խնդիրը հետզհետե խորանում է և համաշխարհային խնդրի է վերածվել, սպառնալով համընդհանուր կայունությանն ու կարգ ու կանոնին։ Պետք է հիշեցնել, որ Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն և անվերապահորեն պաշտպանում է Ադրբեջանին։
Ջորջ Բուշը, պատերազմ սկսելով Իրաքի դեմ, արմատական փոփոխություն կատարեց Մեծ Մերձավոր Արևելքում, փոփոխություններ, որոնք մինչ օրս էլ լիովին իմաստավորված չեն։ ԱՄՆ-ը ոչնչացրեց Իրանի ռազմավարական հակառակորդին, իսկ Իրանը տարածաշրջանի միակ խոշոր պետությունն է, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Ամերիկացիներն Իրանի առջև բացել են տարածաշրջանային շիական դաշինք ստեղծելու իրական հեռանկար` Իրաքի մի մասի, Սիրիայի ու Լիբանանի մասնակցությամբ, ինչը լուրջ խոչընդոտ է դարձել Մերձավոր Արևելք Թուրքիայի ներթափանցման, նրա կողմից թուրքամետ դաշինք ստեղծելու համար։ Եթե թուրքական այդ նկրտումները տեղի ունենային Սադամ Հուսեյնի վարչակարգի օրոք, ապա հազիվ թե Իրանը կարողանար դիմակայել թուրքական նվաճողականությանը։ Սադամ Հուսեյնի վարչակարգի ոչնչացման արդյունքում Մերձավոր Արևելքը դարձավ ավելի կայուն, ավելի հանդուրժող, և բանն ամենևին էլ արաբական աշխարհի և արաբական ազգայնականության թուլացումը չէ։ ԱՄՆ-ն արաբների վրայից թոթափեց իրաքյան պրոբլեմը, և դրանով իսկ արաբները հնարավորություն ստացան ավելի հավասարակշիռ երկխոսություն վարելու ինչպես Արևմուտքի, այնպես էլ Իրանի և ուժի մյուս կենտրոնների հետ։ Տարածաշրջանում ԱՄՆ-ի այդ խնդիրների լուծմամբ Իսրայելը վերջնականորեն կորցրեց ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ դերն ու գործառույթը և վերածվեց ամերիկյան քաղաքականության ծանր «բեռի»։ Ջորջ Բուշը շատ հաճախ էր սպառնում Իրանին, բայց լրացուցիչ պատժամիջոցներ այդպես էլ չգործադրվեցին։
Բարաք Օբամայի վարչակազմը պատժամիջոցներ ուզում էր, և դրանով իսկ ավելի բարդ խոչընդոտներ ստեղծեց ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորման համար։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը որոշ չափով կորցրեց նախաձեռնողականությունն Իրանի հանդեպ, այդ ոլորտում առաջնությունը զիջելով ոչ միայն Եվրոպայի առաջատար պետություններին, այլև Ռուսաստանին, ինչն է՛լ ավելի է նեղացնում այն ասպարեզը, որտեղ կարելի էր համաձայնության գալ Իրանի հետ։ Այժմ, փաստորեն, անհնար է դա ապացուցել, քանի որ հեռանկարը շատ անորոշ է, սակայն հնարավոր է, որ հանրապետականները որոշ պայմանավորվածության գային Իրանի հետ` Թուրքիայի զսպման և շրջափակման իրենց քաղաքականությունն իրականացնելու գործում։ Համենայն դեպս, Իրանի հետ առճակատման որոշ թուլացումը հնարավորություն կտար լուծելու ԱՄՆ-ի շատ խնդիրներ, և հանրապետականներն ունեն հենց այդ քաղաքական կամքն ու վճռականությունը, որն անհրաժեշտ է Ասիայում և առհասարակ ԱՄՆ-ի դիրքերն ուժեղացնելու համար։ Իրանն ԱՄՆ-ին պետք է Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի ու Պակիստանի, ինչպես նաև արաբական աշխարհի հանդեպ նախատեսվող ռազմավարական խնդիրներն իրականացնելու համար։ Պետական դեպարտամենտի այսօրվա քաղաքական գործիչները հիանալի են հասկանում դա և, հնարավոր է, կցանկանային ձեռնարկել այդ քայլերը, բայց Օբամայի թիմն ի վիճակի չէ այդպիսի քայլեր անելու, որովհետև չի կարող որոշ սահմանափակումներ իրականացնել ամերիկյան հանրության շրջանում։ Այս իրավիճակը խիստ աննպաստ է Հայաստանի համար, և, փաստորեն, կհանգեցնի նրա արտաքին քաղաքական և տնտեսական հնարավորությունների սահմանափակման։
Հայաստանի համար առավել զգայուն է ամերիկա-ռուսական հարաբերություններում տիրող իրավիճակը։ ԱՄՆ-ը, իհարկե, չի պատրաստվում հրաժարվել Հարավային Կովկասում իր որդեգրած դիրքից, բայց այս փուլում ամերիկացիները Ռուսաստանի հետ պայմանավորվածության են եկել իրենց շահերի պաշտպանության շուրջ, Ռուսաստանին հնարավորություն են ընձեռել ավելի «ինքնուրույն» նախաձեռություններ հանդես բերելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ կապված խնդիրների հանգույցի ուղղությամբ։ Կարելի է պնդել, թե ԱՄՆ-ը հիանալի է հասկանում և ճիշտ հաշվարկել է, որ Ռուսաստանին չի հաջողվի առաջնային քաղաքականություն իրականացնել Հարավային Կովկասում, քանի որ Ադրբեջանը խիստ «կապված» է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, և Ռուսաստանի հետ ոչ մի ռազմավարական հարաբերության մասին խոսք լինել չի կարող։ ԱՄՆ-ը հասկանում է նաև, որ Հայաստանի նույնիսկ ամենակախյալ և ստեղծագործական ջիղից զուրկ ցանկացած կառավարություն կձգտի բազմակողմանի դարձնել իր արտաքին քաղաքականությունը և չի կարող զիջումների գնալ հանուն Ռուսաստանի շահերի։ ԱՄՆ-ն իր մաշկի վրա զգացել է իրողությունների ծանրությունը Հարավային Կովկասում և Ռուսաստանին հնարավորություն է տալիս «ճղվելու» այդ տարածաշրջանում։ Այս ամենը լավ մշակված է Վաշինգտոնում, և Հայաստանը հասկանում է, որ ճգնաժամային պահերին ինքը հնարավորություն ունի հաշվի առնելու ԱՄՆ-ի շահերը։ Բայց անգամ իրողության նման ընկալումը չի բացառում իրադարձությունների շատ վտանգավոր շրջադարձերը, որ սարքում է Ռուսաստանը։ Ադրբեջանին սպառազինություն տրամադրելու Ռուսաստանի որոշումը, ամենալայն առումով, սպառնալիքի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը, և Մոսկվան չի ուզում հաշվի նստել դրա հետ։ Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքն առաջին հերթին ԱՄՆ-ի ձեռքի գործն է, և հակամարտությունները մեծապես ծնվել են ամերիկացիների դրած փորձերի հետևանքով։ Դրա հետ մեկտեղ` ԱՄՆ-ը շատ հեշտ ու արդյունավետորեն զսպել է թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային` Հայաստանի նկատմամբ ագրեսիա սանձազերծելուց։ Միաժամանակ, ԱՄՆ-ն առաջ ոչ մի կերպ շահագրգռված չէր Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսմամբ։ Այժմ, երբ ԱՄՆ-ը Ռուսաստանին հնարավորություն է ընձեռել նախաձեռնություն հանդես բերել, ինքը կարո՛ղ է իրեն թույլ տալ այնպիսի «հաճույք», ինչպիսին սահմանափակ ռազմական գործողություններին հետևելն է ղարաբաղյան հակամարտության գոտում։ Դա, անտարակույս, արդյունք է Բարաք Օբամայի վարչակազմի վարած ընդհանուր քաղաքականության, որն արտացոլում է ամերիկյան հասարակության «հոգնածությունը», ավելի շուտ պահանջարկված քաղաքական գործիչների կամքի բացակայությունը։
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը, նրա ղեկավարներն ու գործիչները քիչ բան չեն արել հանուն Հայաստանի ու սփյուռքի շահերի, և անհեթեթություն կլիներ դատապարտել այդ վարչակազմին, բայց հարկ է տարանջատել հույզերը և Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության կոնկրետ արդյունքները, հատկապես Կենտրոնարևելյան Եվրոպայի առնչությամբ, ինչը հանգեցրել է Հարավային Կովկասում ամերիկյան շահերի սահմանափակմանը։ Որքան էլ դրական լինեն ներկա ամերիկյան վարչակազմի նպատակներն ու մտադրությունները, «դադարն» արտաքին քաղաքականության մեջ վտանգավոր հետևանքների է հանգեցնում մի ամբողջ շարք պետությունների համար, առաջին հերթին` Հայաստանի։ Դրա հետ մեկտեղ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությունը թույլ կտա ակտիվացնել Միացյալ Նահանգներում Հայաստանի բարեկամների գործունեությունը, նրանց աշխատանքը դարձնել ավելի բազմակողմ ու ներդաշնակ, որի համար լավ պայմաններ ու հեռանկարներ կան։ ԱՄՆ-ում Հայաստանի բարեկամները պետք է ավելի մեծ ուշադրություն նվիրեն այդ երկրի հանրապետական կուսակցության քաղաքական գործիչներին ու փորձագետներին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ